«Կանայք կարող են լուրջ փոփոխությունների կրողը դառնալ». Ռ.Տոռոզյան

Հարցազրույց «ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանի հետ։

«ՎԻՆՆԵՏ Հայաստանն» իր տասը Կանանց ռեսուրսային կենտրոններով 2014թ.-ին դարձավ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ: Դա ի՞նչ հնարավորություններ է ստեղծում մեր կենտրոնների համար:

2010թ.–ին, երբ մենք առաջին անգամ ուսումնական այցով եղանք Շվեդիայում, մեզ համար շատ հեռահար նպատակ էր մի օր կարողանալ անդամակցել այնպիսի ցանցի, ինչպիսին «ՎԻՆՆԵՏ Եվրոպան» է, որովհետև այնտեղ գործում է կանանց հզոր ցանց, որոնք իսկապես պաշտպանում են կանանց իրավունքները բոլոր ոլորտներում: Իրենք շատ լավ փորձ ունեն կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտում՝ նորարարաությունների և տեղեկատվական ծրագրերի ոլորտում կանանց ներգրավելու առումով։ Եվ ես կարծում եմ, որ «ՎԻՆՆԵՏ Եվրոպային» միանալը հնարավորություն կտա հետագայում կիսելու նրանց լավ փորձը նաև Հայաստանում: Դրա համար մեզ համար կարևոր նպատակ է, որպեսզի մենք առաջնահերթ զարգացնենք նորաստեղծ կազմակերպությունների կարողությունները, որպեսզի մենք կարողանանք փոփոխությունների կրողը լինել և ներքևից այդ փոփոխությունները բարձրացնենք մինչև վերև:

Եվ, ամենակարևորը, մեր առջև հետաքրքիր մարտահրավեր է դրված. մենք շատ լավ առաջարկ ստացանք «ՎԻՆՆԵՏ Եվրոպայից» լինելու տարածաշրջանային զարգացման կենտրոն։ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը կարող է լինել այն կենտրոնը, որի Կանանց ռեսուրս կենտրոնների օրինակելի մոդելը կարող է տարածվել տարածաշրջանում։ Դրա համար մեր առաջնահերթ խնդիրներից է ինքներս մեր կարողությունները զարգացնել, մեր փորձը կիսել մեր նոր գործընկերների հետ և մոդելը տարածել նաև տարածաշրջանի մյուս երկրներում:

Կոնկրետ ի՞նչ ուղղություններով է աշխատում «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» կանանց հզորացնելու, նրանց առաջխաղացումը ապահովելու ուղղությամբ։

Մենք շատ պլաններ ունենք։ Մեր ռեսուրսները բավականին շատ են, ունենք շատ լավ մասնագետներ բոլոր կենտրոններում: Բոլոր կենտրոնների աշխատանքը հենված է նախաձեռնող խմբերի վրա, որոնցից յուրաքանչյուրում ոլորտային մասնագետներ են, դրանով մենք իսկ ուժեղ ենք:

Առաջիկայում 2016թ.-ին ընտրություններ են, և մենք պատրաստվում ենք Սյունիքի լավագույն փորձը, որ մենք ունեցել ենք տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում, տեղափոխել նաև այն մարզեր, որտեղ ստեղծել ենք նոր ռեսուրս կենտրոններ:

Մենք նոր կենտրոնների հետ այն նույն ճանապարհն ենք անցնում, որը մենք անցել ենք տարիներ առաջ. ստեղծել ենք ակտիվ կանանց ակումբներ, լիդեր աղջիկների ակումբներ: Այս փուլում մենք իրենց կարողություններն ենք զարգացնում, իրենց քաղաքական հետաքրքրվածությունը, առաջնորդական հմտությունները, որպեսզի մյուս տարի կարողանանք կրթել նրանց և ուղղորդել դեպի քաղաքականություն։ Սա մեր կարևոր ուղղություններից մեկն է:

Երկրորդ ուղղությունը, որ մենք քաղաքականությանը զուգահեռ տանում ենք, տնտեսական նոր հնարավորությունների ստեղծումն է կանանց համար: Նոր կենտրոնների հետ սկսել ենք մարզերում կարիքների գնահատում անել, որովհետև մարզերը շատ տարբեր են իրենց հնարավորություններով։ Դրա համար նախ անհրաժեշտ է գնահատել այն հնարավորությունները, որ կան կանանց համար՝ աշխատատեղեր ստեղծելու առումով։

Մեզ համար առաջնահերթ է կանանց համար աշխատատեղերի ստեղծումը, որովհետև երբ կանայք տնտեսապես ուժեղանում են, հզորանում են, փոխվում է նրանց վերաբերմունքը համայնքային իրադարձությունների նկատմամբ. կանայք սկսում են հետաքրքրվել նաև ընտրություններով, քաղաքականությամբ, ինչպես նաև՝ բարելավելու իրենց համայնքային կյանքը։

Մենք պարբերաբար իրազեկում ենք իրականացնում։ Սյունիքի մարզում 2000–ից ավելի կանայք կրթվել են, իրազեկվել են իրենց իրավունքների մասին, և դա շարունակական գործընթաց է։ Այսինքն, կան իրազեկումներ, դասընթացներ, որ մենք պարբերաբար իրականացնում ենք բոլոր կենտրոններում՝ անկախ ամեն ինչից։ Դա գենդերային բռնության, ընտանեկան բռնության թեման է։

Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը որ կանայք մեր հասարակության մեջ քիչ են ներգրավված տեղական ինքնակառավարման մարմիններում, առհասարակ, պետական կառավարման մարմինների բարձր օղակներում, բիզնեսում։ Հնարավորություննե՞րն են սահմաափակ, օրենսդրությո՞ւնն է թերի, կարծրատիպե՞րն են խանգարում... Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։

Մենք ռեսուրս կենտրոններով մի փոքր հետազոտություն ենք արել՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ կանայք բիզնեսում, ձեռներեցության մեջ քիչ են ներգրավված: Եվ պարզվեց, որ երեք հիմնական խնդիր կա։

Առաջինը վարկային քաղաքականությունն է, որ խոչընդոտում է մեր կանանց ձեներեցությամբ զբաղվել։ Անշարժ գույքը հիմնականում գրանցված է ամուսինների անունով, որն իսկապես լուրջ խոչընդոտ է, որպեսզի կինը կարողանա վարկային հնարավորություններց օգտվել բիզնես սկսելու համար։

Երկրորդը հարկային դաշտի, օրենսդրության անկատարությունն է, որ կանայք, իրազեկված չլինելով, շատ ժամանակ կորցնում են բիզնեսները կամ խոչնդոտների են հանդիպում։

Իսկ երրորդ, ամենակարևոր խնդիրն այն է, որ կանայք բիզնես հմտություններ չունեն, կրթվելու կարիք ունեն:

Սրանք, իսկապես, մարտահրավերներ են, որ դրված են մեր առջև։ Մենք չենք կարող տեղական մակարդակով այս բոլոր խնդիրները լուծել։ Մենք մտածում ենք, որ ռեսուրս կենտրոններով այս խնդիրները բարձրացնենք և հասնենք մինչև որոշումների կայացման մակարդակը:

Իսկ այս փուլում մենք փորձում ենք կանանց ձեռներեցության հմտությունները զարգացնել, օգնել նրանց, օրինակ, փոքր վարկեր տրամադրելով։ Մենք ունենք շրջանառու ֆոնդեր, որոնք մենք պարբերաբար տրամադրում ենք ընտանեկան բիզնեսներին։ Շատ լավ օրինակներ ունենք, երբ մենք ընտանիքներին տրամադրում ենք գումար՝ առանց տոկոսադրույքի, բայց վերադարձնելու պայմանով, նրանք սկսում են իրենց բիզնեսը, ստանում են շահույթ, հետո գումարը վերադարձնում են մեզ: Մենք նաև աջակցում ենք նրանց բիզնեսին, շուկա դուրս գալուն։

Իսկ կնոջ նկատմամբ եղած կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում։

Ասեմ, որ հեռավոր մարզերում մեծ խնդիր են ավանդական կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են կանանց քաղաքականության մեջ ներգրավվելուն։ Մենք հիմնականում աշխատում ենք այս ուղղությամբ, փորձում ենք կանանց վերաբերմունքը փոխել, որպեսզի այդ կանայք կարողանան իրենց ընտանիքներում ամուսինների, ընտանիքի մյուս անդամների վերաբերմունքը փոխել:

Իմ օրինակը վառ օրինակ է, որովետև ես ինքս համայնքի առաջին կին ավագանին եմ եղել 2005թ.–ին և հիմա էլ միակ կին ավագանու անդամն եմ։ Ես էլ ունեցել եմ այդ խնդիրները։ Եվ կարծում եմ, որ ժամանակ է պետք, այսինքն պետք է աշխատել և՛ կարծրատիպերը կոտրելու, և՛ կնոջը ուժեղացնելու առումով, որովհետև քանի դեռ կան այդ կարծրատիպերը, պետք է կանայք քաղաքականության մեջ մտնեն պատրաստված, սա շատ կարևոր է:

Իմ օրինակն, իսկապես, կոտրեց այդ կարծրատիպը Գորիսում, որ հնարավոր է, որ կինը մտնի քաղաքականություն: Երբ որ ես առաջին անգամ ընտրվեցի, ես սկսեցի ինձ վրա շատ աշխատել, որովհետև դու ներկայանում ես կանանց անունից և շատ կարևոր է, որ պատրաստված գնաս։ Դրա համար մենք աշխատում ենք կանանց հետ ընտրություններից առաջ։ Մեզ համար կարևոր է, որ բոլոր կանայք պատրաստված, գիտակից մտնեն քաղաքականություն: Միայն այդպես մենք կկարողանանք այդ կարծրատիպը ջարդել:

Հասարակության իրազեկելու ուղղությամբ էլ ենք աշխատում։ Ունենք այլընտրանքային հարթակներ, սոցիալական հարթակներ, որտեղ պարբերաբար ներկայացնում ենք ընտրված կանանց պատմությունները, հաջողությունները: Դրանով մենք փորձում ենք հասարակությանը ներկայացնել, որ կանայք, իսկապես, կարող են լինել քաղաքականության մեջ և կարող են լուրջ փոփոխություններ բերել:

Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմիններում ամենամեծ թվով կին ներկայացուցիչներն են ներգրավված։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

2012թ. Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացրեց մի նախաձեռնություն, որի նպատակն էր խրախուսել կանանց մուտքը քաղաքականություն: Մենք աշխատեցինք 20 համայնքներում (14 գյուղական և 6 քաղաքային), գտանք կանանց, ովքեր հետաքրքրված են առաջադրվել ընտրություններին և մասնակցել որոշումների կայացմանը, կրթեցինք նրանց, օգնեցինք իրենց քարոզչությունը կազմակերպել և այսպիսով ուղղորդեցինք դեպի քաղաքականություն: Մենք աշխատեցինք 39 կնոջ հետ, ովքեր, զգալով մեր աջակցությունը, ավելի ինքնավստահ էին, և նրանցից 28-ը հաջողության հասավ ընտրություններում և դարձավ ՏԻՄ ներկայացուցիչ: Սա մեր լավագույն փորձն է Սյունիքի մարզում, որը պատրաստվում ենք 2016թ.–ին կիսել մյուս մարզերում:

Այսինքն, կանանց հետ երկարատև աշխատանքն իր արդյունքը տալիս է։ Դու չես կարող պատահական կնոջ ձեռքը բռնել ու տանել քաղաքականություն։

Մենք պատրաստ ենք աջակցել կանանց։ Մենք բաց ենք համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների, անհատների հետ, ովքեր որ ուզում են, որ կանայք լինեն փոփոխությունների կրողը, եղե՛ք մեր կողքին, աջակցե՛ք մեզ, և մենք իսկապես կարող ենք լուրջ հաջողություններ արձանագրել:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի