«Մենք քայլ առ քայլ զարգացնում ենք պրոբացիոն ծառայությունը և կիսում մեր փորձը». Թ.Մագրաձե

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն ապրիլի 2-3-ը Աղվերանում կազմակերպեց «Պրոբացիոն ծառայության գործունեության առանձնահատկությունները. Վրաստանի պրոբացիոն ծառայության փորձը» թեմայով դասընթաց-քննարկում։ Դասընթացավարը Վրաստանի պրոբացիայի ազգային գործակալության պետի տեղակալ Թեյմուրազ Մարգրաձեն էր, ով սիրով համաձայնեց հարցազրույց տալ www.hra.am –ին։

Պարոն Մագրաձե, Վրաստանում ե՞րբ է պրոբացիոն համակարգը ներդրվել, որո՞նք են ծառայության գործառույթները և դատավարության ո՞ր փուլերում է այն ներգրավված:

Վրաստանի պրոբացիայի ազգային գործակալությունը (ՊԱԳ) ստեղծվել է 2001թ.–ին։ Իր հիմնադրման և գործունեության սկզբնական փուլում գործել է Արդարադատության նախարարության ենթակայության տակ։ Իսկ 2009 թվականից այն ընդգրկվեց Վրաստանի պատիժների կատարման և իրավական աջակցության նորաստեղծ նախարարության կազմում և առանձին իրավաբանական անձի հատուկ կարգավիճակ ստացավ։ Այսինքն՝ այն կիսաանկախ կառույց է՝ սեփական բյուջեով և կառավարման համակարգով՝ Պատիժների կատարման և իրավական աջակցության նախարարության հովանու ներքո:

Պրոբացիայի ազգային գործակալության հիմնական ֆունկցիաներից է պրոբացիայի հսկողությանը հանձնված անձանց նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև վերականգնումը, վերաինտեգրումը և սոցիալական աջակցությունը:

Գործակալության գլխավոր նպատակն է օգնել պրոբացիոներներին փոխել իրենց կյանքը դեպի լավը: Մենք ունենք պրոբացիոն աշխատակիցներ՝ սպաներ, սոցաշխատողներ և հոգեբաններ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ: Ուզում եմ շեշտել, որ կրկնանացագործության կանխարգելումը այն հիմնական նպատակներին է, որ մեր՝ բարձր որակավորում ունեցող աշխատակիցները դնում են իրենց առջև: Մենք իրականացնում ենք ռիսկի և կարիքների գնահատում, ըստ որի՝ շահառուներից յուրաքանչյուրի համար մշակում ենք անհատական ծրագիր։

ՊԱԳ–ը գործ ունի այնպիսի մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիրներ օրենքի հետ: Մենք աշխատում ենք նախկին դատապարտյալների հետ՝ ազատազրկման վայրից դուրս գալուց հետո։ Մեր շահառուների երկրորդ խումբը նրանք են, ովքեր խուսափել են բանտային համակարգից և ում դատարանը հանձնել է պրոբացիայի հսկողությանը։

Փաստորեն, աշխատում եք միայն պենիտենցիար և հետպենիտենցիար փուլում՝ պատիժը կրելու ընթացքում և դրանից հետո։ Իսկ նախատեսու՞մ եք ընդլայնել գործակալության գործառույթները:

Այո, անշուշտ: Այս տարիների ընթացքում մենք քայլ առ քայլ զարգացնում ենք մեր համակարգը: Մենք հիմնադրեցինք սոցաշխատողների և հոգեբանների ինստիտուտը, իսկ 2014թ. սկզբին ստեղծեցինք Վերականգնողական ծրագրերի բաժինը, որտեղ, ընդհանուր առմամբ աշխատում է 33 սոցաշխատող, 11 հոգեբան և 5 հոգի ղեկավար կազմ։

Առաջիկայում պատրաստվում ենք ներդնել նոր համակարգ՝ էլեկտրոնային մոիտորինգը տնային կալանքի ժամանակ: Պլանավորում ենք մինչև տարեվերջ գործարկել այն:

Բացի այդ, 2014թ.–ից Վրաստանում գործարկված ամենակարևոր ծրագրերից մեկը, այսպես կոչված, “halfway house” համակարգն է, որը գործում է ՊԱԳ-ի կազմում: Սա հաստատություն է` առանց փշալարերի և բարձր պատնեշների, որտեղ անձինք ունեն սահմանափակ ազատություն, կարող են լքել հաստատության տարածքը հանգստյան օրերին և տոներին, այցելել իրենց ընտանիքներին: Այս հաստատության նպատակը դատապարտյալների վերականգնումն է և հասարակության մեջ վերաինտեգրմանը նպաստելը՝ նախապատրաստելով ազատ արձակմանը։

Մենք ուրախ ենք, որ սա հաջողված ծրագիր է համարվում, և մեր կառավարությունը մտադրված է բացել նոր հաստատություն կանանց և անչափահասների համար:

Ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել Վրաստանում պրոբացիոն ծառայությունը ստեղծելիս, որի իմացությունը կարող է օգտակար լինել Հայաստանին՝ նման խնդիրներից խուսափելու համար:

Հիմնական խնդիրը Վրաստանում, Հայաստանում, առհասարակ, Կովկասում ժողովրդի մտածելակերպն է: Դա մարտահրավեր է մեզ համար երկար տարիներ շարունակ: Ուստի շատ կարևոր է խոսել միմյանց հետ, կիսվել փորձով: Դժվար է կոնկրետ ասել՝ ինչը կլինի օգտակար Հայաստանի համար, ինչը՝ ոչ: Այնուամենայնիվ, կարևոր է, որ մենք, որպես հարևաններ, շատ բաներ սովորենք միմյանցից և կիսվենք մեր ձեռքբերած փորձով։

Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնական մարտահրավերներից մեկը ֆինանսական խնդիրն է: Վրաստանում ՊԱԳ–ը ինչպե՞ս է ֆինանսավորվում և ի՞նչ միջոցներով է ստեղծվել՝ պետական թե՞ դոնորների։

Իհարկե, բյուջետային հարցերը կարևոր նշանակություն ունեն։ Մեր երկիրն այդքան էլ հարուստ չէ, և Վրաստանի կառավարությունն ունի իր առաջնահերթությունները: Դա նշանակում է, որ ցանկացած նոր ծրագիր կամ նախաձեռնություն իրականացնելու համար մենք պետք է շատ լավ հիմնավորենք, որ պետությունն իսկապես զգում է դրա կարիքը: Եվ բոլորն այդ ծրագրին վերաբերվում են որպես փորձնական ծրագրի և սպասում են՝ տեսնելու, թե արդյոք այն կաշխատի՞, թե՞ ոչ:
Մեզ համար մեծ հաջողություն է, որ ծրագիրը հաջողվեց, և Վրաստանի կառավարությունը կարևորում է պրոբացիոն ծառայության առկայությունը և ֆինանսավորում է տրամադրում։

Վրաստանի ՊԱԳ ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական բյուջեն է, և մեր ֆինանսավորումը տարեցտարի մեծանում է: Բացի այդ, գործակալությունը, որպես իրավաբանական անձ, հնարավորություն ունի իր մատուցած ծառայություններով սեփական եկամուտը, շահույթը ստանալու։ Նաև կան շատ կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ և դոնորներ (Միջազգային բանտային բարեփոխումներ, UNICEF, USAID, Եվրամիություն և այլն), որոնք աջակցում են մեզ կազմակերպելու աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Քանի՞ մարդ է աշխատում է ՊԱԳ–ում:

Ընդհանուր գործակալությունում աշխատում է ավելի քան 370 մարդ, այդ թվում՝ շուրջ 200 պրոբացիոն սպա, 33 սոցիալական աշխատող, 11 հոգեբան և ղեկավար կազմը:

Հայաստանում պրոբացիոն համակարգ ստեղծելու խնդիրներից է նաև մասնագետների բացը։ Պրոբացիոն ծառայողների պատրաստման և վերապատրաստման հարցն ինչպե՞ս է լուծվել Վրաստանում:

Նախարարությունը հիմնադրել է Ուսումնական կենտրոն՝ քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիոն ազգային գործակալության աշխատակիցների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման համար: Ամեն տարի մենք դիմում ենք Ուսումնական կենտրոնին, որը տարբեր տեսակի դասընթացներ է իրականացնում մեր անձնակազմի համար։

Նաև մեր դոնորների օգնությամբ հրավիրում ենք միջազգային փորձագետների, ովքեր վերապատրաստում են ոչ միայն հիմնական անձնակազմին, այլև՝ ղեկավարությանը և որոշում կայացնողներին:

Մենք փորձում ենք որակյալ կադրեր ներգրավել է մեր աշխատակիցներին շահագրգռել վարձատրությունը տարեցտարի բարձրացնելով։

Պրոբացիոն ծառայության գործունեությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել Վրաստանում բանտերում ազատազրկված անձանց թվաքանակի վրա: Դուք ունե՞ք վիճակագրական տվյալներ, թե դատապարտվող անձանց քանի տոկոսն է ուղղորդվում պրոբացիոն գործակալություն, քանիսը՝ բանտեր։

Ես չեմ կարող վիճակագրական տվյալներ ներկայացնել այս պահին, բայց կարող եմ վստահաբար ասել, որ պրոբացիոն ծառայության գործունեության և վերջերս հայտարարված համաներման և ներման շնորհիվ բանտարկյալների թվաքանակը նվազել է Վրաստանում: Պրոբացիոն ազգային գործակալության ստեղծումից հետո մենք շարունակաբար աշխատում ենք Կառավարության հետ, որպեսզի դատարանների համար ստեղծենք իրապես արդյունավետ այընտրանքներ ազատազրկմանը, որպեսզի հնարավորինս քիչ մարդ հայտնվի բանտում և առավելագույնս օգտագործվեն այլընտրանքային պատժամիջոցները:

Հենց հիմա մենք ունենք 12.000–ից ավելի ակտիվ պրոբացիոն շահառուներ Վրաստանի ամբողջ տարածքում: Նրանցից մոտավորապես 11.000-ը արական սեռի են, 700-ը՝ իգական սեռի, իսկ 200–ը՝ անչափահասներ:

Ի՞նչ հատուկ ծրագրեր ունեք անչափահաս իրավախախտների համար և որքա՞ն հաճախ է նրանց դեպքում կիրառվում պորբացիայի հսկողությանը հանձնելը:

Իրավախախտ անչափահասներին դատարանը հիմնականում հանձնում է պրոբացիայի վերահսկողությանը:

Ինչպես արդեն նշեցի, մենք ունենք 200 անչափահաս շահառուներ և նրանց հետ աշխատում ենք հատուկ ծրագրով/պլանով, որն առանձնանում է չափահասների պրոբացիայից: Բոլոր տարածաշրջաններում մենք ունենք անչափահասների գործերով մասնագիտացված պրոբացիոն սպաներ, հոգեբաններ, ովքեր անչափահասների հետ իրականացնում են սոցիալ–հոգեբանական վերականգնողական ծրագրեր, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև նրանց ընտանիքների հետ, եթե խնդիր կա ընտանիքում։ Անչափահասներին ներգրավում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներում, համայնքային և մշակութային միջոցառումներում, ինչպես նաև՝ նրանց աջակցում ենք դպրոցներում: Այսինքն՝ մենք փորձում ենք հատուկ մոտեցում ցուցաբերել անչափահասներին՝ հաշվի առնելով, որ դա շատ զգայուն հարց է:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի