Առանց խաղաղության ու կայունության չկա զարգացում

Հարցազրույց ՄԱԿ–ի
հայկական ասոցիացիայի Հակամարտությունների
կանխարգելման ծրագրերի համակարգող Ամալյա Գրիգորյանի հետ։

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան
ներկայումս իրականացնում է «Ազատություն բռնությունից. խաղաղությունը, անվտանգությունը
և հակամարտության կանխարգելումը հետ-2015-ի զարգացման օրակարգում» ծրագիրը։ Ի՞նչ
ծրագիր է դա և ինչ է նշանակում «Հետ-2015-ի զարգացման օրակարգ»։

Այդ հարցին պատասխանելու համար նախ մի փոքր պատմական ակնարկ
անելու անհրաժեշտություն կա։ 2000թ. տեղի ունեցած Համաշխարհային գագաթաժողովում որոշում
կայացվեց Հազարամյակի հռչակագրի շրջանակներում հասնել ծայրահեղ աղքատության
նվազեցմանը գլոբալ մակարդակով: Ծայրահեղ աղքատության նվազեցմանը հասնելու համար
նախագծվեցին ութ ճանապարհ կամ եղանակ, որոնք կոչվեցին «հազարամյակի զարգացման նպատակներ»
(ՀԶՆ): Դրանց մեջ մտնում է ծայրահեղ աղքատության վերացումը, մանկամահացության
նվազեցումը, մայրական առողջության բարելավումը, պայքարը ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի և այլ
վարակների դեմ, շրջակա միջավայրի պահպանումը և այլն։ Եվ այս 8 նպատակներին
հասնելու համար սահմանվեց վերջնաժամկետ՝ 2015 թվականը, այսինքն՝ 15 տարի: Վերջնաժամկետը
մոտենում է, և հիմա միջազգային հանրությունը արձանագրում է ՀԶՆ-ների իրականացման
արդյունքները, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկում շարունակություն ապահովելու համար:  Ծրագիրը կոչվում է հետ-2015, քանի որ
նախատեսվում է իրականացնել 2015թ.-ից հետո: «Ազատություն բռնությունից.
խաղաղությունը, անվտանգությունը և հակամարտության կանխարգելումը հետ-2015-ի
զարգացման օրակարգում» ծրագիրը ՄԱԿ-ի ասոցիացիան իրականացնում է մարտ ամսից`
նպատակ ունենալով խաղաղության, անվտանգության և
հակամարտությունների կանխարգելման նպատակը ապագա զարգացման
օրակարգում 
ներառելու ուղղությամբ իրազեկությունը:

2015 թվականը դեռ չի
եկել, սակայն նորից քննարկումներ են սկսվել՝ զարգացման նոր նպատակներ սահմանելու և
դրանց իրականացման ուղիներ գտնելու համար։ Ի՞նչն է պատճառը։

Քննարկումները սկսվել են վաղուց: Նպատակը` լավագույնս
նախապատարաստվելն է` հաշվի առնելով անցած 15 տարիներից քաղած դասերը:

ՀԶՆ մոդելը ներառական չէր, այսինքն՝ քաղաքացիական
հասարակությունը ներգրավվածություն չուներ սահմանելու համար, թե ո՞ր նպատակներն են
առաջնահերթ և ինչպե՞ս պետք է իրականացվեն այս նպատակները: Դա տեղի է ունեցել միայն
պետության ղեկավարների մակարդակով։ Բացի դա, հազարամյակի զարգացման նպատակները
համընդհանուր/ունիվերսալ չէին, ինչը նշանակում է, որ աշխարհը բաժանվեց երկու մասի՝
հյուսիս և հարավ, զարգացող և զարգացած պետություններ, և զարգացած պետությունները
այս պարագայում ֆինանսավորում էին հազարամյակի զարգացման նպատակների իրագործումը և
նրանք չէին հանդիսանում թիրախ խումբ:

Փաստորեն, ի՞նչ է
ստացվում, մինչև 2015 թվականը նշանակված վերջնաժամկետը չկարողացա՞ն իրականացնել
սահմանված 8 նպատակները։

Ութ նպատակները իրականացվել են, բայց միանշանակ չենք կարող
ասել՝ որքանո՞վ հաջողվեց կամ չհաջողվեց։ Սակայն կարևոր փաստն այն է, որ նման
ձևաչափը ապահովեց հարթակ` մի շարք հիմնահարցեր
միասնական լուծելու համար:

Ինչպե՞ս է
քաղաքացիական հասարակությունը ներգրավվում։

Դա տեղի է ունենում երկու եղանակով։ Ստեղծվել է The World
We Want առցանց հարթակը, որտեղ յուրաքանչյուրս կարող ենք քվեարկել մեր
առաջնահերթության համար։ Բացի դա, յուրաքանչյուր պետությունում տեղի են ունենում
ազգային խորհրդակցություններ, և սահմանվում են տվյալ երկրի առաջնահերթությունները:

Հայաստանում
կազմակերպվե՞լ են նման խորհրդակցություններ և ինչ առաջնահերթություններ են
սահմանվել։

Հայաստանի հինգ մարզերում անցած տարի կազմակերպվել են
քննարկումներ (Town-Hall Meeting), որոնց ընթացքում վեր են հանվել 
ՀՀ համար առաջիկա 15 տարիների վեց առաջնահերթություն՝ առողջապահություն, անվտանգ սնունդ,
շրջակա միջավայր և կայուն զարգացում, աճ և զբաղվածության ապահովում, անհավասարություն,
արդյունավետ կառավարում։ Քննարկումները երկու փուլով են եղել։ Առաջին փուլում վեր
են հանվել առաջնահերթությունները, երկրորդի ժամանակ մշակվել է իրականացման մեթոդիկան:

Իսկ ինչպիսի՞ն է հետ-2015-ի օրակարգի համընդհանուր պատկերը։

Զարգացման երկրորդ օրակարգի համար վերջնաժամկետ է սահմանվել
2030 թվականը։

Մինչև հիմա քննարկումների արդյունքում նախագծվել է սևագիր
փաստաթուղթ, որտեղ 17 նպատակներ են առաջադրվել։ Հետ-2015-ի օրակարգի հիմնական
նպատակը լինելու է ծայրահեղ աղքատության վերացմումը: Ի դեպ, 2012թ.–ին Ռիո+20–ի ժամանակ
որոշում կայացվեց, որ այս նոր նպատակները պետք է կոչվեն ոչ թե հազարամյակի
նպատակներ, այլ՝ կայուն զարգացման նպատակներ:

Մեզ համար 17 նպատակների մեջ շատ հետաքրքիր է 16-րդ կետը,
որտեղ խաղաղությունը, անվտանգությունը և հակամարտության կանխարգելման հարցն է բարձրացված
խաղաղ հասարակության՝ Peaceful Society Concept-ի տեսքով:

Երբ մենք քննում ենք հազարամյակի զարգացման նպատակները,
դրանց իրականացման ամբողջ ընթացքը, պարզ է դառնում, որ այն պետությունները, որոնք,
հակամարտության կողմ են կամ հակամարտության ռիսկի տակ են, չեն կարող արձանագրել
որևէ զարգացում կամ որևէ հաջողություն նպատակների իրականացման համար:
Կարևորություն է դառնում, որ խաղաղությունը և հակամարտությունների կանխարգելումը լինեն երաշխիք կայուն զարգացումն ապահովելու համար:

Այսինքն՝ հետ 2015-ի
օրակարգը հաշվի՞ է առնում այն հանգամանքը, որ 
զարգացումը սերտորեն փոխկապակցված է խաղաղության և անվտանգության հետ։

Այն ժամանակ և հիմա էլ բանավեճեր են ընթանում։ Մի մասը
նշում է, որ կայուն զարգացման նպատակների մեջ կարմիր թելի պես կա խաղաղությունը, անվտանգությունը
և հակամարտության կանխարգելումը, և կարիք չկա դա որպես առանձին նպատակ ներառել,
որովհետև յուրաքանչյուր նպատակի իրագործմանը հասնելու համար պետք է կայուն
իրավիճակ լինի։

Բայց, այս պարագայում էլ, մենք նշում ենք, որ որպես առանձին
նպատակ սահմանելը հավելյալ ջանքեր ներդնելու խնդիր է բարձրացնում, և այն անընդհատ
ուշադրության կենտրոնում է լինելու: Կարևոր է, որ խաղաղությունը, անվտանգությունը
և հակամարտության կանխարգելումը եթե ոչ որպես առանձին նպատակ, ապա գոնե որպես ենթանպատակ
անպայման ներառվի, որովհետև ուղղակի կապ կա զարգացման և խաղաղության ու
կայունության միջև: Կարելի է ասել, մեկը մյուսից է բխում։

Կայունությունը, խաղաղությունը և անվտանգությունը կամ
հակամարտությունների կանխարգելումը նախապայման են կայուն զարգացման համար ցանկացած
ոլորտում, լինի առողջապահություն թե ծայրահեղ աղքատության նվազեցում։ Եթե
ուսումնասիրենք այն տարածաշրջանները, որտեղ կան հակամարտություններ, պատերազմներ,
ծայրահեղ աղքատության վիճակը անասելի է, որևէ կրթական, առողջապահական
ինֆրաստրուկտուրա չի աշխատում այս պարագայում։

Հաշվի առնելով, որ գլոբալիզացված աշխարհում ամեն ինչ
փոխկապակցված է (ոչ միայն երևույթները, այլ նաև պետությունները), այս պարագայում
շատ կարևոր է հասկանալ, որ եթե մյուս կիսագնդում է տեղի ունենում պատերազմ, դա չի
նշանակում, որ մեզ չի վերաբերում: Դա ուղղակի և անուղղակի առումով վերաբերում է նաև մեզ՝ լինի միգրացիոն հոսքերի,
փախստականների հոսքերի տեսքով, թե տարբեր հիվանդությունների, վարակների
ներթափանցման տեսքով և այլն… Մենք փոխկապակցված ենք, միևնույն շղթայի մեջ ենք, և
սա շատ կարևոր հիմնախնդիր է: Նույնիսկ այն պետությունները, որ զարգացած են,
խաղաղության մեջ են, դա չի նշանակում, որ իրենց չի վերաբերում:

Հիմա մենք ի՞նչ
փուլում ենք հայաստանում հետ 2015-ի զարգացման օրակարգը ձևավորելու առումով:

Հայաստանում մենք հանդիպել ենք աշխատանքային խմբերի հետ,
որոնք կազմակերպել են ազգային խորհրդակցությունները, խոսել ենք և բարձրաձայնել ենք
այս հարցերի մասին։

Մենք մի հանգամանք ևս պիտի կարևորենք, որ երբ մենք խոսում
ենք խաղաղության, անվտանգության և հակամարտության կանխարգելման մասին, դա միայն
սահմանների խաղաղությանը չի վերաբերում, մենք դա պիտի դիտարկենք որպես հասարակական
հիմնախնդիր, որը փոխկապակցված է արդյունավետ կառավարման նպատակի հետ, որովհետև
անկախ և ճիշտ գործող արդարադատության համակարգը, ոստիկանությունը այդ շղթայի մի
մասն են կազմում։

Կոնֆլիկտ կամ հակամարտություն երևույթը հիմա վերասահմանվում
և վերաձևակերպվում է: Դա միայն միջէթնիկական, միջպետական հարաբերություններին
վերաբերող հասկացություն չէ, դա նաև ներհասարակական խնդիրներին է անդրադառնում:

Բացի դա մի կարևոր հանգամանք ևս կա, որ ես ուզում եմ
շեշտադրել։ Այս կայուն զարգացման նոր ծրագիրը, եթե նայենք, մարդու համընդհանուր իրավունքների
համակարգն է ներկայացնում: Ի՞նչ է նշանակում կրթության կամ առողջապահության առաջնահերթությունը:
Նշանակում է, որ պետք է ապահովել մարդու կրթության իրավունքի իրականացումը կամ հավասար
հնարավորությունը առողջապահական ծառայություններից օգտվելու համար: Այսինքն՝
կարելի է ասել, որ կայուն զարգացման նպատակները կամ հետ 2015թ. զարգացման օրակարգը,
մարդու իրավունքների ամբողջական համակարգի ներայացումն է և նրա հիմնական նպատակը
մարդու իրավունքների ռեալիզացիան է:

Հասարակ քաղաքացին
կամ հասարակական կազմակերպությունը, որը ուզում է մասնակից դառնալ 2015-2030թթ. օրակարգի ձևավորմանը, ինչպե՞ս կարող է ներկայացնել իր առաջարկությունները:

Նախ, պետք է ակտիվ լինի և իրազեկվի, որովհետև մի օրակարգ է
ձևավորվում, որը 15 տարի առաջնահերթություն է լինելու մեր կառավարության և,
ընդհանրապես, տարբեր նախագծերի իրականացման առումով: Քանի որ ազգային
խորհրդակցություններն արդեն անցկացվել են, ես ուղղակի խորհուրդ կտամ ուշադիր լինել
առցանց հարթակներին։ Արդեն նշեցի The World We Want–ի մասին, որտեղ կարող է
մասնակցել քննարկումների։ Բացի դա, ՄԱԿ-ի կողմից պարբերաբար ներկայացվում և
հանրային քննարկման են դրվում ծրագրի վերաբերյալ տարբեր փաստաթղթեր, որոնք առցանց
կան և յուրաքանչյուրը կարող է մասնակցություն ունենալ և իր մեկնաբանությունները
թողնել:

Ես հատկապես կարևորում եմ մարդու իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դերակատարումը, որովհետև այստեղ,
կարծում եմ, իրենց համար ևս շատ կարևոր տարածք է ստեղծվում աշխատելու համար:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի