«Դատապարտյալ երեխան էլ մերն է, նրան հասարակություն վերադարձնելու խնդիր կա»,– մտահոգված է արվեստագետ Թեմիկ Խալափյանը

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը» գործում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և իննամյա պատմություն ունի: Այն հիմնադրվել է «Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Թեմիկ Խալափյանի կողմից:

Անազատության մեջ գտնվող երեխաները կենտրոնում սովորում են կերպարվեստ, խեցեգործություն, փայտի փորագրություն, թատերական արվեստ, ազգագրական երգ-պար, ստանում են համակարգչային գիտելիքներ, ինչպես նաև' հրատարակում «Էջ» պարբերականը: 2007-ից կենտրոնը ոչ կայուն դրամաշնորհային ֆինանսավորումից անցել է պետական հոգածության, սակայն շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված:

Կենտրոնի ստեղծման և գործունեության մասին զրուցեցինք «Տրտու» ՀԿ-ի նախագահ, դիզայներ, մանկավարժ Թեմիկ Խալափյանի հետ:

Ինչպե՞ս ծնվեց անչափահաս իրավախախտների հետ մշակութային ծրագիր իրականացնելու գաղափարը:

Արցախյան պատերազմի օրերին խարույկի շուրջ նստած խոսում էինք և շատ պատահական իմացա, որ մեզ հետ կռվող տղաներից մի քանիսը պատանի հասակում հանցագործության համար դատապարտված են եղել, բայց նրանք պակաս քաջ և հայրենասեր չէին: Մինչ այդ ես չգիտեի, որ անչափահասներին գաղութ են նստեցնում: Տարիներ հետո թերթում կարդացի խոցելի խմբերի հետ մշակութային ծրագրեր իրականացնելու մի դրամաշնորհային առաջարկի մասին ու հիշեցի այդ տղաներին, որոնք իրենց պատիժն են կրել «Աբովյան» գաղութում:

Սկսեցի ուսումնասիրել այդ բնագավառը: Դա լրիվ անծանոթ աշխարհ էր ինձ համար։ Քրեական օրենսգիրքը կարդացի ծայրից ծայր և չգտա մի այնպիսի օրենք, որը վերաբերեր անչափահասին կամ մարդուն դեպի լավը վերափոխելուն: Դա միայն պատիժներ սահմանող օրենք է: Բայց պատիժ սահմանելուց զատ կարևոր է այնպիսի միջոցներ կիրառել, որ պատիժը կրելու ընթացքում անչափահասը հնարավորինս արագ վերականգնվի և հասարակություն վերադառնա: Դատապարտյալ երեխան մերն է, և նրան հասարակություն վերադարձնելու, ինտեգրացնելու խնդիր կա. իրավախախտ անչափահասները ևս հասարակության մի մասն են կազմում: Դժվար բան է երեխային, առհասարակ, սովորեցնել սովորել, հատկապես՝ եթե նա ազատազրկման վայրում է։ Պետք է սովորելը նրա համար գայթակղիչ դարձնել, իսկ դա, թերևս, կարող ես անել արվեստի ՝ գեղեցիկի օգնությամբ: Գեղեցիկն այնպիսի բան է, որ գայթակղում է ենթագիտակցորեն, բնազդաբար:

Ես հավատում եմ Դոստոևսկուն, ով ասում էր՝ «գեղեցիկը կփրկի աշխարհը»: Դրա համար էլ ես արվեստի միջոցով մուտք գործեցի ինձ համար անծանոթ մի աշխարհ' գեղեցիկի միջոցով այդ երեխաներին դեպի լավը փոխելու:

Ի՞նչ նպատակներ էիք հետապնդում:

Սկզբում իմ նպատակն էր նպաստել նրանց աշխարհայացքի ճիշտ ձևավորմանը, նրանց վերինտեգրմանը հասարակություն: Սովորեցնել մի բան, որը նրանց կօգնի հետագայում ազատության մեջ քիչ կախված լինել գործատուներից: Մի մասնագիտության կամ, ժողովրդական լեզվով ասած, «փեշակի» տիրապետելով՝ դու ոչ միայն քո օրվա հացը կվաստակես, այլև անկախ, ազատ կլինես:

Ձեր ծրագիրը, գաղափարները ինչպե՞ս ընդունվեցին ոլորտի ղեկավարների կողմից:

Դրամաշնորհ տրամադրող կազմակերպությանը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամին, ես պետք է ներկայացնեի տվյալ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու գրավոր թույլտվություն: Ես վստահ չէի, որ կթույլատրեն: Նամակով դիմեցի այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, և ինձ համար շատ անսպասելի՝ նա տվեց իր համաձայնությունը: Ես դա վերագրեցի նրա՝ մանկավարժ լինելու հանգամանքին։ Ավելի ուշ իմացա, որ մեր ծրագիրն աննախադեպ էր, իսկ հետագայում այն համարվեց պետության դատաիրավական համակարգի բարեփոխման լավ օրինակ։ Դա ոգևորիչ էր:

Հետագայում էլ թե՛ նախարարության, թե´ քրեակատարողական վարչության և թե՛ քրեակատարողական հիմարկի ղեկավարության կողմից ես մշտապես մեծ բարոյական աջակցություն եմ զգացել։

Ինչպե՞ս ձեզ ընդունեցին անազատության մեջ գտնվող երեխաները:

Ծրագիրը սկսեցի շատ մեծ մտավախությամբ։ Առաջին օրը, երբ մտա քրեակատարողական հիմնարկ, երեխաներին հավաքեցի և բացատրեցի, որ այսպիսի ծրագիր եմ ուզում անել։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաները երկմտանքի մեջ էին. հետաքրքրություն կար, և նաև՝ անորոշություն:

Ծրագիրը սկսեցինք:Երեխաները քիչ-քիչ սկսեցին ընտելանալ: Զգացվում էր, որ երեխաների մեջ արթնանում էր նաև հոգևոր պահանջմունքը և ամենակարևորը' սկսում էին զգալ նաև կյանքի համը: Դա շատ բացահայտ երևաց, երբ մենք 2002-ին Համազգային թատրոնի բեմում բեմադրեցինք «Սասունցի Դավիթը»: Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց: Երեխաները հասկացան, որ իրենց մեջ կա մի բան, որի համար նրանց հոտընկայս ծափահարում են. դա իսկական հրաշքի էր նման: Ներկայացումը դիտելու էին եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված գրեթե բոլոր երեխաները և կանայք, որը աննախադեպ, չլսված բան էր:

Ստուգելու համար, թե որքանով է այդ ամենը երեխաներին պետք, մի օր պարապմունքի օրը դիտմամբ չգնացինք: Հաջորդ պարապմունքի օրը երեխաները խուճապի մեջ էին, հարցնում էին՝ «ինչո՞ւ չէիք եկել, էլ չե՞ք գալու, մեզնից ձանձրացա՞ք»։ Ես զգացի, որ ճիշտ նշանակետին եմ խփել. հոգևոր պահանջմունքը այդ երեխաների մեջ արդեն արթնացել էր։

Մենք նրանց միշտ վերաբերվել ենք այնպես, ինչպես սովորական երեխաներին' նրանց սաներ ենք ասում, երբեք չենք հիշեցնում, որ իրենք դատապարտյալ են կամ բանտարկված են: Նրանց ծննդյան տոներն էինք նշում, աշխատում էինք անել ամեն ինչ, որ իրենց մեկուսացված չզգան, օտար չզգան: Պետք եղած ժամանակ ծնողական քնքշանքի, բարեկամի, մտերիմի բացն էլ ենք լրացնում, գլուխը շոյում, քաջալերում...

Աշխատելու ընթացքում երեխաների մեջ փոփոխությունները նկատելի՞ էին։

Գիտեք, ազգի, մարդու տեսակը խիստ պայմանավորված է նրա ժառանգականությամբ ու միջավայրով: Եթե միջավայրը փոխվում է, ապա դա ազդում է նրա ժառանգականության վրա: Իմ նպատակն էր նաև այնպես անել, որ անազատության մեջ գտնվող անչափահասները չընտելանան իրենց համար փոփոխված նոր միջավայրին, այլ իրենց զգան այնպիսի միջավայրում, ինչպիսին կզգային ազատության մեջ:

Իսկ ինչ վերաբերում է երեխաների մեջ կատարվող փոփոխություններին, դրանք այնքան ցայտուն էին, որ հնարավոր չէր չնկատել: Այդ փոփոխությունները հենց իրենք էլ էին զգում, երբ տեսնում էին, որ փայտի սովորական կտորից կամ մի բուռ ցեխից իրենք կարող են մի գեղեցիկ բան պատրաստել:

Բացի այդ, թատերական խմբակում մի երեխա կար, որ նրա ազատազրկման ժամկետը լրացել էր, բայց չէր ցանկանում տուն գնալ: Խնդրեց մի քիչ հետաձգեն ազատումը, որ իր դերը խաղա իսկական բեմում: Իսկ մի քանիսն էլ, որ արդեն ազատության մեջ էին, խնդրում էին իրենց հետ բերել, որ կարողանան շարունակել պարապմունքները: Սրանից լավ փոփոխություն ես չէի էլ սպասում: Ես համոզված եմ, որ սա այն խոցելի խումբն է, որի 95 տոկոսին կարելի է վերադարձնել հասարակություն։  

Դա շատ դժվար աշխատանք է: Մենք անհատապես շատ ենք աշխատում յուրաքանչյուր երեխայի հետ' նաև որպես հոգեբան, մանկավարժ, ավագ ընկեր։

2002թ.-ից մինչ օրս ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական կամ այլ պատճառներով դադարներ եղե՞լ են:

Եղել է կարճատև դադար մեկ կամ մեկուկես ամիս, որը ես, ճիշտն ասած, դադար չեմ համարում: Ծրագիրն ավարտվել էր, գումար չկար։ Ես գիտեի, որ շատ լավ, բարի գործ եմ անում, բայց ես ունեի նաև իմ խնդիրները, իմ արվեստը, որ թողել էի:

Երեխաները իմ հեռախոսահամարը ուրիշների միջոցով գտել էին, զանգահարել էին, ասում էին, որ ես դավաճան եմ (իսկ այն ժամանակ քրեակատարողական հիմարկներից զանգելու հնարավորություն կամ թույլտվություն չկար):

«Փոքրիկ իշխանի» մեջ մի լավ ասացվածք կա. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացնում ենք»։ Ես մտածում էի դրա շուրջ, երկմտանքի մեջ էի' գնամ իմ արվեստին, թե՞...։ Ես իրենց ընտելացրել էի, իրենք էլ ինձ դավաճան էին համարում։ Մտածեցի' լա´վ, մի քիչ էլ շարունակեմ, տեսնեմ ի՞նչ դուրս կգա:

Գնացի և հասկացա, որ իմ կողմից, իրոք, դավաճանություն կլիներ չգնալը։

Մթնոլորտը նորից փոխվեց, նաև՝ աշխատողների համար: Միջավայրը խիստ կարևոր է։ Ես ուզում էի պահել այդ մթնոլորտը, որը շատ անհրաժեշտ եմ համարում: Ես 10 տարի նվիրեցի այդ գործին, այդ երեխաներին: Այդ ընթացքում ես շատ քիչ ստեղծագործեցի, քանի որ ժամանակս չէր հերիքում: Բայց ես չեմ փոշմանել դրա համար: Ես հիմա նրանց Վերնիսաժում եմ տեսնում, կամ մեր պատմական հուշարձանների մոտ՝ իրենց ձեռքի աշխատանքները վաճառելիս։

Կենտրոնը ներկայումս գործում է ոչ թե դրամաշնորհներով, այլ' պետական ֆինանսավորմամբ: Ինչպե՞ս հասաք դրան, և կարելի՞ է ասել, որ կայուն ֆինանսավորման խնդիրը լուծված է:

Սկզբում ծրագիրը ֆինանսավորվում էր Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի, հետագայում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Բայց ես քաջ գիտակցում էի, որ կգա մի ժամանակ, որ դրամաշնորհները չեն լինի: Եվ սկսեցի պետական ատյանների «զահլեն տանել»: Ես առաջարկում էի կենտրոն ստեղծել քրեակատարողական հիմնարկի ներսում և հիմնարկից դուրս՝ մայրաքաղաքում: Մինչև անգամ պատրաստ էի իմ արվեստանոցը տրամադրել։ Կենտրոնի իմ գաղափարն այլ էր. կուզենայի, որ կենտրոնը լիներ հանրակացարանային տիպի, որտեղ մեր շահառուները և՛ կբնակվեին, և՛ կրթություն կստանային: Երեխաների մեծամասնությունը սոցիալապես անապահով խավից է, մի մասը միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, և այդ տիպի կենտրոնն ամենանպատակահարմարը կլիներ:

2005 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ծրագիրը ներկայացվեց Կառավարությանը և կենտրոնի ստեղծման որոշում եղավ, որը կյանքի կոչվեց միայն 2007թ.: Նպատակիս մի մասն իրականացավ' կենտրոնը ստեղծվեց և այժմ պետության հոգածության տակ է, բայց խնդիրն ամբողջովին չլուծվեց: Շենքային պայմաններ չունենք: Ճիշտ է, քրեակատարողական հիմնարկում մեզ անվարձահատույց շենքային տարածք տրամադրվեց՝ նախկին կաթսայատան շենքը, բայց այն ավերակ վիճակում է, կարիք ունի հիմնովին վերակառուցման: Այդ հարցով դիմել եմ և՛ Կառավարությանը, և՛ հանրապետության նախագահին: Առայժմ անորոշ է, երբ կլուծվի կենտրոնի տարածքի խնդիրը: Կապրենք՝ կտեսնենք: Ես մտածում էի, որ ծրագիրը պետական հոգածության ներքո գտնվելով՝ տրամադրված միջոցները դրամաշնորհներից ավելին կլինեն կամ գոնե հավասար, բայց այդպես չեղավ:

Հիմա մենք այնտեղ գործող դպրոցի շենքում 2 փոքր սենյակ ենք զբաղեցնում, որտեղ տարվա ոչ մի եղանակին և ոչ մի ժամի արև չի ընկնում: Ձմռան ամիսներին չենք կարողանում աշխատել, որովհետև խոնավ է և առողջության համար վտանգավոր, չենք կարողանում ջեռուցել սենյակները: Այդ բացը մենք լրացնում ենք ամառվա ամիսների հաշվին: Բայց, կարծես թե, մեզ այդտեղից էլ են ուզում հանել: Չգիտեմ, թե ուր ենք գնալու։

ՀԳ. Թեմիկ Խալափյանը պատմում է, որ մի քանի տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Անգլիայի Քենտրբերիի արքեպիսկոպոսի հետ քրեակատարողական հիմնարկ էր եկել և տեսնելով երեխաների հետ տարվող աշխատանքը՝ ասել էր. «Ձեր արած գործը իսկական քրիստոնյային վայել արարք է, դուք մոլորվածի հետևից եք գնում, երևի դուք սուրբ մարդ եք»:

«Ես սրբի լուսապսակ չեմ փնտրում,- ասում է արվեստագետը,- բայց ուզում եմ, որ հանուն երեխաների ապագայի արված գործը սուրբ համարվի: Համոզված եմ, որ մեր պետության գերխնդիրներից մեկը պետք է լինի ոչ թե ռեստորաններում կշտացողներին դեպի Մասիսը նայող շքեղ բնակարաններ առաջարկելը, այլ մեր երկրի ապագա քաղաքացուն, առավել ևս՝ մեր ապագա զինվորին կրթելը»:

Հարցազրույցը' Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը'www.hra.am