«Պայքար խոշտանգումների կիրառման և անպատժելիության դեմ. խոսքից գործի» խորագրով համաժողով

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն, Եվրոպական միության աջակցությամբ, կազմակերպում է «Պայքար խոշտանգումների կիրառման և անպատժելիության դեմ. խոսքից գործի» խորագրով համաժողով, որը տեղի կունենա 2015թ. հունվարի 22-ին, ժամը 14:00-17։00-ը, «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:

Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանում խոշտանգումների կիրառման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև, ներկայացնել այն քայլերը և միջոցները, որոնք ուղղված են այդ պրակտիկան կանխելու և անպատժելիության դեմ պայքարը արդյունավետ դարձնելու համար: Միջոցառման շրջանակներում կքննարկվի նաև խոշտանգումների զոհերին փոխհատուցում տրամադրելու խնդիրը:

Ակնկալվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց իրավասության սահմաններում ձեռնարկած քայլերն ու միջոցառումները:

Համաժողովը կծառայի որպես հարթակ՝ քննարկելու, թե որքանով է Հայաստանն առաջադիմություն ցուցաբերել ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պաբերական վերանայման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Նույն օրը՝ Երևանի ժամանակով ժամը 17։30-ին, ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ–ում զեկուցելու է մարդու իրավունքների, այդ թվում՝ խոշտանգումների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ իրականացրած քայլերի մասին:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորված և 2013-2014 թվականներին ՔՀԻ-ի կողմից իրականացված՝ «Խոշտանգումների և կորզված ցուցմունքների բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի փակումը: ՔՀԻ-ն կներկայացնի ծրագրի շրջանակներում իրականացված` խոշտանգումների և դրանց առնչվող հիմնարկների մասին հասարակական կարծիքի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

ՔՀԻ-ն սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու միջոցառմանը։

Հարգանքով՝

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ