Միջազգային փորձագետները ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի մասին

Մարտի 24-29-ին Հայաստանում էին  Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի փորձագետներ Լեո Տիգեսը և Սթեֆան Պիթսը: Այցը կազմակերպվել էր «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ «Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում. Աջակցություն ՀՀ Արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի աջակցությամբ։

Այցելության ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ դատավորների, ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, Պրոբացիայի պետական ծառայության, Քրեակատարողական ծառայության և հիմնարկների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ հանդիպում Town Hall ձևաչափով։ Այցելության ավարտին փորձագետները ՀՀ Արդարադատության նախարարությանը ներկայացրին վաղաժամկետ ազատման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ ռազմավարական առաջարկներ։

Այցելությունների շարքի (նախատեսված 3 այցելությունից արդեն կատարվել են 2-ը) վերջնական նպատակն է ՊՎԱ ոլորտում հանրային քաղաքականության մշակումը և ռազմավարական առաջարկություններով Արդարադատության նախարարությանն աջակցելը։ Մարտի 29-ին Առաջարկների ամփոփ փաթեթը միջազգային փորձագետներն անձամբ ներկայացրին նախարարությանը։ Ռազմավարական առաջարկների ընդլայնված և վերջնական տարբերակը պատրաստ կլինի 2019թ. հունիս ամսին՝ երրորդ այցելության արդյունքներն ամփոփելուց հետո։

 

«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրն իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ «Աստղացոլք» ՀԿ-ի,  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:   

Ծրագրի բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ, որից 22,5 միլիոն դրամը տրամադրվելէ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից:   Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: