«Հասարակությունը պետք է գիտակցի, որ դատապարտված լինելը պիտակավորում չէ»

Այս տարվա մայիսին ընդունվեց «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը՝ հարակից փաթեթով, իսկ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը: Ծառայությունը ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա:

Hra.am-ը զրուցել է Պրոբացիայի պետական ծառայության պետ Լևոն Ավետիսյանի հետ:

-Պրոբացիայի պետական ծառայությունը ստեղծվեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի (ԱՊԿԲ) հենքի վրա: Ինչո՞վ է նոր ծառայությանը տարբերվելու ԱՊԿԲ-ից: Ի՞նչ փոփոխություններ են լինելու գործառույթների և աշխատաոճի մեջ:

-ԱՊԿԲ-ն զուտ պատիժ իրականացնող բաժին էր: Այն իրականացնում էր վերահսկողական ֆունկցիաներ, ազատությունից չզրկելու հետ կապված պատիժներ՝ հանրային աշխատանքեր, տուգանք, որոշակի պաշտոն կամ գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելու պատժատեսակ: Սակայն բացակայում էր վերասոցիալականացման ինստիտուտը՝ ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Եվ Պրոբացիայի պետական ծառայությունը պետք է լրացնի այդ բացթողումը:

Այժմ մշակում ենք վերասոցիալականացման տարբեր ծրագրեր: Վերասոցիալականացումը, նախ և առաջ, զբաղվածության ապահովումն է: Նորություն չեմ ասի, որ կրկնահանցագործության դեմ պայքարի լավագույն միջոցը դատապարտված անձին զբաղվածությամբ ապահովելն է: Երկրորդը հոգեբանական աշխատանքն է, որ պետք է իրականացվի դատապարտյալների հետ, ինչպես նաև՝ մշակութային, սպորտային, կրթական ուղղվածության միջոցառումներ, մասնագիտություն ձեռք բերելուն միտված աշխատանքներ, ինչն այժմ մենք իրականացնում ենք թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ տեղական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

-Որքանո՞վ են այս փոփոխություններին պատրաստ ծառայության աշխատողները:

-Այն կադրերը, որոնք ԱՊԿԲ-ից տեղափոխվել են Պրոբացիայի պետական ծառայություն, շատ մեծ դերակատարում են ունենալու Ծառայության կայացման մեջ: Դատապարտյալների հետ աշխատանքի այն փորձը, որ նրանք ունեն, անփոխարինելի է: Չկա մի ուսումնական հաստատություն, որտեղ կսովորեցնեն աշխատել դատապարտված անձանց հետ: Սա առանձին հոգեբանություն և մտածելակերպ է: Այս աշխատողների փորձը նպաստելու է կարճ ժամանակահատվածում ունենալու լիարժեք Ծառայություն: Իհարկե, նոր շունչ է պետք: Մեր բոլոր աշխատողները եղել են իրավաբաններ, որոնք կատարել են նաև սոցիալական աշխատողի ֆունկցիաներ: Հուսով եմ, որ մեզ մոտ կգան աշխատելու սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, և դրանով Պրոբացիայի պետական ծառայությունը կդառնա լիարժեք:

-Վերասոցիալականացմանն ուղղված ի՞նչ ծրագրեր են իրականացվում Ծառայության շահառուների համար:

-Առաջին հերթին դա համագործակցությունն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ դատապարտված անձանց աշխատանքի տեղավորելու հետ կապված:

Ծրագրերից մեկը, որն արդեն սկսել ենք իրականացնել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ, 3 մասնագիտական ուսուցման սենյակների վերանորգումն ու կահավորումն է, որտեղ պետք է իրականացվեն վերապատրաստման դասընթացներ: Այն հնարավորություն կտա կին և տղամարդ դատապարտյալներին ձեռք բերել մասնագիտություն և հմտություններ, մասնագիտություն ունեցողներին՝ բարձրացնել որակավորմումը՝ աշխատանք և զբաղվածություն ունենալու նպատակով: Սա այն կարևոր աշխատանքներից մեկն է, որ արդեն իսկ իրականացվում է:

-2015 թվականից գործում են Պրոբացիայի ծառայության 2 պիլոտային գրասենյակները Երևան և Վանաձոր քաղաքներում: Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ հաջողություններ են գրանցվել, և ի՞նչ է ցույց տվել փորձը:

-Այս մեկ տարվա ընթացքում 8 շահառու՝ դատապարտյալ, կարողացավ գտնել աշխատանք: Հասկացանք, թե ինչպես կարող ենք համագործակցել այլ մարմինների հետ և ինչպիսի դժվարություններ ենք ունենալու: Արդյունավետ ստացվեց աշխատանքը Հայ առաքելական եկեղեցու հետ: Կանանց և անչափահասների համար առանձին այցեր կազմակերպեցինք Մայր աթոռ սուրբ Էջմիածին, ինչին շատ օգնեց ՔԿՀ հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Դրանից հետո մի քանի դատապարտյալներ ցանկություն հայտնեցին արդեն առանձին հանդիպել վարդապետի հետ: Դա վերասոցիալականացման ինստիտուտի կարևոր բաղադրիչներից է:

Կարողացանք այցեր կազմակերպել մշակութային տարբեր օջախներ, և ամենակարևորը, որ մեր աշխատակիցները գնում էին շահառուների հետ: Սկզբից մտավախություն ունեինք՝ արդյո՞ք դատապարտվածները ցանկություն կունենան մասնակցել նման միջոցառումների: Հետո հասկացանք, որ աշխատողների և դատապարտյալների ցանկությունն ավելի և ավելի է մեծանում: Սա կազմակերպվեց թե՛ Երևան, թե՛ Վանաձոր քաղաքներում: Շենգավիթ համայնքի դատապարտյալներից բացի մշակութային միջոցառումներին ներկա եղան նաև այլ շրջանների բնակիչներ:

-Իսկ ի՞նչ խնդիրներ են բացահայտվել, որոնք որպես «քաղված դասեր» ունեք՝ հետագայում ծառայության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

-Ես միշտ դժգոհ եմ իմ և իմ թիմի աշխատանքից: Չեմ սիրում գովել: Միշտ ասում եմ, որ կատարում եք ձեր աշխատանքը: Երբեք չեմ գնահատել կատարած աշխատանքը, թողել եմ հասարակությունը կամ ղեկավարներս գնահատեն: Բայց գիտեմ, որ կատարած աշխատանքի ծավալը մեծ է եղել: Քաղած դասեր ունեմ առաջին հերթին ինձ համար: Ամենառաջինը՝ աշխատակիցների վերապատրաստումն էր: Կային աշխատակիցներ, ովքեր պատրաստ չէին դրան, և նրանք մեզ հետ չեկան Պրոբացիայի պետական ծառայություն: Մենք գիտակցեցինք, որ լինելու է բարդ, լինելու է այլ մոտեցմամբ, այլ գաղափարախոսությամբ և հոգեբանությամբ: Շատ դժվար է գնահատել մի ծառայություն, որտեղ ինքդ աշխատում ես: Փորձեմ գնահատականներ չտալ:

-Ի՞նչ է անհրաժեշտ այս փուլում Ծառայության կայացման և ավելի արդյունավետ աշխատանքի համար, քանի որ այն նոր է սկսում աշխատել ամբողջ ծավալով:

-Ռեսուրսներ, համագործակցություն, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցություն, որոնք կնպաստեն տարբեր ծրագրերի իրականացմանը, աշխատակիցների վերապատրաստմանը և այլն: Աշխատակիցների վերապատրաստում ասելով՝ չեմ ակնկալում, որ վերջիններիս բացատրվելու է, թե ինչ պետք է անել, այլ նկատի ունեմ նրանց հմտությունների զարգացումը: Սրանք տարբեր բաներ են: Այս աշխատողները պրոֆեսիոնալներ են, բայց պետք է հասկանալ, որ ժամանակ առ ժամանակ բոլորին էլ պետք է վերապատրաստում՝ ինձնից սկսած:

-Իսկ որքանո՞վ են դատավորները պատրաստ նոր համակարգին՝ հաշվի առնելով, որ նրանք առանցքային դեր ունեն պրոբացիայի կայացման մեջ:

-Միշտ ասել եմ մի կարևոր բան. երբ դատավոր է նշանակվում, նա պետք է առաջին հերթին այցելի քրեակատարողական հիմնարկ և տեսնի՝ երբ անձին կալանավորվում է կամ հետագայում ազատազրկման ձևով պատիժ նշանակում, ո՞ւր է ուղարկվելու այդ անձը: Դրանից հետո դատավորն արդեն կսկսի կայացնել իր դատավճիռները փոքր-ինչ այլ մոտեցմամբ:

Քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվում է, որ 2018թ.-ից Ծառայությունը պետք է իրականացնի նաև այլընտրանքային նոր խափանման միջոցներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն, որոնք իրականացվում են էլեկտրոնային մոնիտորինգով: Այսօր պիլոտային ծրագրի շրջանակներում արդեն իսկ Հայստանում են էլեկտրոնային սարքավորումները, որոնք, սակայն, դեռևս չեն գործարկվում:

Ես չեմ ուզում գնահատել դատավորների աշխատանքը, որովհետև նրանք էլ օգտվում են այսօր գործող իրավական ակտերից և որոշում են կայացնում սեփական համոզմունքներից ելնելով: Հուսով եմ, որ Պրոբացիայի ծառայությունը և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը կնպաստեն խափանման այլընտրանքային միջոցներ ընտրելուն:

-Որքանո՞վ են պատրաստ պետական մյուս մարմինները համագործակցել Պրոբացիայի ծառայության հետ և նպաստել Ծառայության կայացմանը:

-Կան նախարարություններ, որոնց հետ պետք է ամենօրյա աշխատանք: Առաջինը պետք է աշխատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այնուհետև՝ Մշակույթի, Սպորտի և երիտասարդության նախարարությունների հետ: Հասկանալի է, որ այդ նախարարությունների համար էլ Պրոբացիայի ծառայությունը նորամուծություն է:

Պետք է հասկանանք, որ սա մի Ծառայություն է, որը, բացի պատիժ իրականացնելուց, պետք է այնպես աշխատի, որ տվյալ անձը հասկանա, որ եթե դատապարտվել է, ապա դրանով կյանքը չվերջացավ: Սա ամենակարևորն է: Այսինքն, եթե անձը դատապարտվել է և պետք է ազատազրկման ձևով պատիժ կրի, ապա չի նշանակում, որ նա հանցագործի պիտակ է կրելու այսուհետև, և եթե բանտից դուրս գա, կրկին դատապարտվելու է:

Մենք միշտ խոսում ենք պետական ապարատի կողմից, բայց մոռանում ենք հասարակության պիտակավորումը դատապարտված անձանց նկատմամբ: Սա դատավորի, դատախազի, Պրոբացիայի պետական ծառայության կամ քրեակատարողական հաստատությունների խնդիրը չէ: Հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե անձը դատապարտված է, դա պիտակավորում չէ: Շատ բարդ խնդիր է լինում հատկապես մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելիս. անձն ամաչում է ասել, որ նախկինում դատապարտված է եղել, որովհետև գիտակցում է, որ իրեն կարող են աշխատանքից հանել: Ինչո՞ւ: Այդ կարծրատիպը հասարակության մեջ նույնպես պետք է փոխվի:

-Ինչպե՞ս եք տեսնում այլ կազմակերպությունների դերը ծառայության կայացման հարցում:

-Աշխատում ենք Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ: Վերջինս իրականացրեց Պրոբացիայի ծառայության ստեղծմանն աջակցող երկու փուլային ծրագիր, որի ընթացքում բազմաթիվ աշխատողներ վերապատարաստվեցին: Աշխատում ենք նաև ԱՄՆ դեսպանատան հետ:

Փորձում ենք վերապատրաստում անցկացնել արդեն նաև մարզային աշխատակիցների շրջանում, ինչը բարդ է: Ամեն քաղաքում ունենալով մեկական աշխատող և նրան բերելով այստեղ վերապատրաստման՝ այդ քաղաքում աշխատանքը կանգնեցնում ենք: Շատ քիչ է աշխատակիցների քանակը, ծանրաբեռնվածությունը՝ մեծ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատող իր վարույթում պետք է ունենա 50-60 անձնական գործ: Մեր աշխատողների մոտ այդ թիվն արդեն հասել է 110-ի, բայց, բարեբախտաբար, աշխատանքի որակի վրա դեռևս չի անրադառնում:

-Բազմիցս նշվել է, որ Պրոբացիայի ծառայության գործարկմամբ հետագայում խնայողություններ կունենանք պետբյուջեում՝ բանտերում պահվող անձանց թվի և, դրանով պայմանավորված, ծախսերի կրճատման հաշվին: Մոտավոր հաշվարկներ կա՞ն, թե որքան գումար կխնայվի պետբյուջեում տարեկան կտրվածքով:

-Կխուսափեմ նշել, թե ինչ խնայողություններ կլինեն, որովհետև Ծառայությունը ստեղծելիս պետք է ներդնել մեծ ռեսուրսներ: Ավելի ուշ, երբ սկսեն գործել խափանման այլընտրանքային միջոցները, այստեղ արդեն կարող են լինել խնայողություններ: Հետագայում, երբ Պրոբացիայի ծառայությունն ունենա հեղինակություն, դատավորները շատ փորձաշրջաններ կտան, կկիրառեն նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ: Հիմա մենք կատարելու ենք ներդրումներ, որպեսզի հետագայում ծախսերը քչացնենք:

Պետք է նաև հասկանանք՝ արդյո՞ք ծախսն է կարևոր, թե մարդկանց ազատազրկման վայրում չպահելը: Միգուցե ծախսատար լիներ, բայց մարդկանց վերասոցիալականացման տեսանկյունից ավելի նախընտրելի: Չֆիքսվենք ֆինանսական ծախսերի վրա: Փորձենք այնպես անել, որ ազատազրկման վայրերում շատ քիչ մարդ ունենանք:

Հարցազրույցը՝ Մերի Մամյանի